«Աքիլլես» ավտովարորդների պաշտպան ՀԿ նախագահ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ փոխանցմամբ, մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների գործունեությունն այնքան էլ գոհունակությամբ չի ընդունվում վարորդների կողմից: Տեսախցիկը արձանագրում է խախտում կատարած ավտոմեքենայի տվյալները` դա լավ է, բայց այն, որ վարորդը այդ խախտումի մասին տեղեկանում է անժամկետ ժամանակի ընթացքում`դա է վատ:
«Մենք ահազանգեր ունենք, որ վարորդներն իրենց խախտման մասին ծանուցում ստանում են 30-40 օր հետո, իսկ այդ ընթացքում` չիմանալով, որ իրենք, օրինակ, այսինչ վայրում կանգառ կատարելով խախտում են կատարել, մեկ ամիս շարունակ նույն խախտումը կատարում են, մինչդեռ, երբ ՃՈ տեսուչը տեղում է արձանագրում է խախտոմն ու տուգանում, վարորդն արդեն նույն պահից իմանում է, այլևս այդ վայրում չի կարելի կայանել»,-լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց բանախոսը:
Նրա խոսքով, այստեղ մի կարևոր հարցը բաց է մնում. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն տեսուչը տեղում է հանձնում վարորդին խախտման որոշումը, իսկ տեսախցիկների արձանագրած տվյալները նամակով վարորդը կարող է ստանալ, ըստ օրենքի, երեք օրվա ընթացքում, մինչդեռ վճռաբեկ դատարանը որոշել է, որ վարորդը այդ նամակը կարող է ստանալ ցանկացած պահի` անժամկետ ժամանակով, և երբ ստանա, այդ օրվանից էլ կհաշվարկվի նրա վճարման ժամկետը»,-նշեց նա:
Մյուս կողմից`տեսախցիկների առկայությունն ունի դրական նշանակություն: Դրանք` նախ անվտանգ են: Երկրորդ`«խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների շնորհիվ վարորդները որոշ չափով սովորել են երթևեկության կանոնները: Եթե նախկինում նրանք 99 տոկոսով չգիտեին երթևեկության կանոնները, ապա այդ ցուցանիշը հասել է 90 տոկոսի»,-ընդգծեց Հովհաննիսյանը`հավելելով, որ տեղադրված տեսախցիկների և աագաչափերի արդյունքում որոշակիորեն նվազել են նաև վթարները, ինչը չի կարելի ասել վրաերթերի մասին:
Նա հայտնեց, որ Police.am կայքը տեղադրել է առցանց հարցում բաժինը, որտեղ, մուտքագրելով ավտոմեքենայի պետհամարանիշն ու տեխանձնագրի սերիան, կարելի է ստանալ տեղեկություն տվյալ ավտոմեքենայի թույլ տված խախտումների մասին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ